Պայմանը կատարված է․ Արդյոք կբացվի Թուրքիայի հետ սահմանը

Eurasianet.org կայքը հրապարակել է «Թուրքական քաղաքը սպասում է Հայաստանի հետ սահմանի բացմանը» հոդվածը Կարսի մասին, որում ասվում է, որ 1993-ին հայ-թուրքական սահմանի փակվելուց հետո Կարսի նահանգի բնակչությունը 1990 թվականի 662,000-ից նվազել է 285,000-ի 2020 թ.: Նշվում է, որ քաղաքը, որը գտնվում է սահմանի մյուս կողմում՝ Գյումրիից ոչ հեռու, անհամբերությամբ է սպասում Հայաստանի հետ սահմանի բացմանը: «Թուրքիան պայման ուներ` Հայաստանի դուրս գալը Ղարաբաղից: Այս պայմանը կատարված է, եւ մենք սպասում ենք սահմանի բացմանը», ասում է հոդվածագրի զրուցակիցներից մեկը:

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների հավանական կարգավորման թեման կրկին սկսեց քննարկվել, երբ Փաշինյանն ու Էրդողանը խոսեցին «դրական ազդանշանների» մասին: Էրդողանը պայմաններ առաջ քաշեց՝ կապված ինչպես 2020 թվականի պատերազմի արդյունքների ճանաչման, այնպես էլ Թուրքիայի հանդեպ պահանջներից հրաժարվելու հետ: Էրդողանն ասել է, որ հարաբերությունները կարող են բարելավվել, «եթե երկրները հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը»:

Թուրքիան առաջիններից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին, սակայն Էրդողանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ Հայաստանն այդպես էլ չի ճանաչել Թուրքիայի սահմանները: Սահմանները հաստատվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերով, և Կարսը Հայաստանի մաս էր կազմում մինչև այդ պայմանագրերի կնքումը: Ռուսաստանը Կարսը, Արեւելյան Հայաստանի մեծ մասը նվիրեց Թուրքիային: 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի գրանցամատյանում չկան: Չնայած Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, բայց պահանջներ էլ չի ներկայացրել:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը: «Ես և Պուտինը քննարկել ենք այս հարցերը և համաձայնության եկել: Եվ Ալիևի հետ նույնպես: Իրանում նախագահ է փոխվել, և այդ թեման կքննարկենք նաեւ նրա հետ», ասել է Էրդողանը: Պատահական չէ, որ Էրդողանն ասում է, որ «կքննարկի վեցյակի հարթակը» Իրանի նոր նախագահի հետ: Հայաստան-Իրան ճանապարհի փակումը ազդանշան էր Թեհրանին, որը հայտարարել է, որ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իր համար, նկատի առնելով Մեղրիի «միջանցքը»: Բայց ինչպիսի՞ն կարող է լինել Իրանի և այլ դերակատարների դիրքորոշումը, եթե Հայաստանը զիջի իր ինքնիշխանությունը:

Սկզբնաղբյուր՝ https://armbloginfo.ru/%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7%e2%80%a4-%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%84-%d5%af%d5%a2%d5%a1%d6%81%d5%be%d5%ab-%d5%a9%d5%b8%d6%82/

Оставьте комментарий